Թուրքիայում ՌԴ դեսպանատունը զգուշության կոչ է արել ռուսների վրա հարձակումից հետո
Անկարայում ՌԴ դեսպանատունը զբոսաշրջիկներին կոչ է արել պահպանել անձնական անվտանգության միջոցառումները ՝հիմքում ունենալով Ստամբուլում ռուսների վրա հարձակման դեպքը. այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:
«Հունվարի 24-ին Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով ռուսաստանցի երեք զբոսաշրջիկներ հարձակման են ենթարկվել տեղի բնակչի կողմից, կրկին Ռուսաստանի քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում անձնական անվտանգության և նախազգուշական միջոցների պահպանման անհրաժեշտության վրա: Զբոսաշրջիկներին կոչ ենք անում չշփվել կասկածելի անձանց հետ, զերծ մնալ հոգեկան անհավասարակշիռ անձանցից, զգոն լինել մարդաշատ, զբոսաշրջային վայրերում, խուսափել ցույցերի և բողոքի ակցիաների անցկացման վայրերից, ինչպես նաև ամայի փողոցներով տեղաշարժվելուց՝ հատկապես գիշերային ժամերին», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տղամարդը դանակով հարձակվել է երեք ռուսների վրա։ Այս մասին հայտնում է Haber Turk-ը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Ականատեսների խոսքերով՝ մի կին դանակի 7 հարված է ստացել, ևս երկուսը՝ երեք-չորս հարված։ Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։
Կարծիքներ