Մարդու իրավունքների գլխավոր երաշխիքը ադրբեջանական զինծառայողների հեռացումն է սահմանից. ՄԻՊ
Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող բոլոր խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են:
Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Դրանք կեղծ շղարշ են միջազգային հանրության համար, իրենց իրական դեմքը քողարկված պահելու նպատակով: Մենք ունեցել ենք այս նույն իրավիճակները 2016 թվականին, 2017 թվականին: Վերջերս Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ հրապարակեցինք հատուկ զեկույց, որում փաստերով ներկայացվել էր, որ այդ կեղծ հայրենասիրական կոչերն են առկա»,- ընդգծեց Թաթոյանը:
Թաթոյանը հորդորեց ուսումնասիրել, թե գործնականում ինչ է տեղի ունենում:
«Գրեթե ամեն օր մեր սահմանային բնակիչների իրավունքները խախտվում են, սպանվում են խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, նրանց կողմից կատարվում են գողություններ, սպառնալիքներ, գերիների հանդեպ խոշտանգումներ: Դրանք բոլորը ապացույցներով հիմնավորված են»,- ասաց ՄԻՊ-ը:
Արման Թաթոյանն ընդգծեց` Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը պատերազմից հետո մի գրամ անգամ չի նվազել:
«Ինձ, որպես Մարդու իրավունքների պաշտպանի, խաղաղությունը կարևորագույն և բարձագույն արժեք է, բայց գիտեք, երբ մեր իրավունքների պաշտպանության երաշխիք չունենք, կարող ենք ավելի մեծ խնդիրների առջև կանգնել: Ուզում եմ նշել, որ գլխավոր երաշխիքը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է սահմանից, որը մենք պետք է հիմնավորենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով»,- ընդգծեց Թաթոյանը:
Կարծիքներ