Ի վերջո, ո՞ր երկրի քաղաքացի է Մարտուն Գրիգորյանի կինը, և ինչո՞ւ է նա ամուսնուն ընտրել ռուսական անձնագրով

Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող Մարտուն Գրիգորյանի կինն ու որդիները, ինչպես պարզվեց օրերս կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ոչ թե այն երկրի քաղաքացիներն են, որը սիրում, պաշտում եւ որը փրկելու համար անողոք պայքարի մեջ է մտել Գրիգորյանը, այլ՝ Ռուսաստանի Դաշնության։ Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը:
Գյումրեցի ընտրողը չէր իմանա այդ մասին, եթե հանգամանքների բերումով՝ ՏԻՄ ընտրությունների քվեարկության ժամանակ, «չբացահայտվեր» Գրիգորյան ընտանիքի անդամների՝ այդ կարեւոր «առանձնահատկությունը»։ Այս բացահայտումից «անհարմար դրության» մեջ հայտնված Գրիգորյանը ասուլիսում ստիպված էր խրոխտ հայտարարել․ «Կինս քվեարկել է, ռուսական անձնագրով քվեարկել է, լավ է արել, ուրի՞շ»։ Ճշտմանը՝ երկքաղաքացի՞ է՝ Գրիգորյանը պատասխանել էր՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է»։ Նա նաեւ հավելել էր, որ որդիներն էլ ՌԴ քաղաքացիություն ունեն:
Հատկանշական է, որ Մարտուն Գրիգորյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ մասնավորապես 2023, 2024 թվականների գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերում նրա կնոջ՝ Ազնիվ Յուրայի Գրիգորյանի անվան դիմաց առկա է «ՀՀ քաղաքացի» նշումը։ Մինչդեռ պատգամավորի 2022-ի հայտարարագրերից մեկում (այդպիսի երկու հայտարարագիր է հրապարակված) Ազնիվ Գրիգորյանի անվան դիմաց որեւէ քաղաքացիություն նշված չէ՝ համապատասխան վանդակը լրացված չէ։
Նշենք, որ պետական ռեգիստրում Ազնիվ Գրիգորյանի անունով է գրանցված «Գյումրու ավտոուղիներ» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Նարեկ Խլղաթյանին։ Ազնիվ Գրիգորյանն իր՝ որպես ԱԺ պատգամավորի կին ԿԿՀ ներկայացրած 2024 թ․ հայտարարագրում որպես «Այլ եկամուտ» նշել է հիշյալ ՍՊԸ-ից ստացած 13 մլն 250 հազար դրամը։
Ըստ պետռեգիստրի տվյալների՝ Ազնիվ Յուրայի Գրիգորյանին է պատկանում նաեւ «Մադոննա ՍՊԸ»-ի 50 տոկոս բաժնեմասը։ Ուշագրավ է, որ պետռեգիստրում եւս Ա․ Գրիգորյանի քաղաքացիության դիմաց նշված է «Հայաստան»։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2023 թ․ վարչական որոշմամբ «Գյումրու ավտոուղիներ» ՍՊԸ-ն («Ավտոգազալիցքավորման ճնշակայան») տուգանվել է 1 մլն դրամով՝ արտադրական վտանգավոր օբյեկտը տեխնիկական անվտանգության փորձաքննություն չենթարկելու համար։
Հարկ է նշել, որ 2012-ին, երբ Մ․ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր էր, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախնական ուսումնասիրությունների հիման վրա հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ էր հարուցել մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնց թվում էր նաեւ «Մադոննա» ՍՊԸ-ն։
ՏՄՊՊՀ-ն պետական գնումների շրջանակում սոցիալական հաստատություններում կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել էր, որ որոշ մանկատներ եւ ծերանոցներ պետգնումներով սնունդը ձեռք են բերել շուկայականից մինչեւ 200 տոկոս թանկ գնով: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել էր, որ պետգնումների ոլորտում հայտնաբերված խախտումները մեծ վնաս են հասցրել երկրի բյուջեին:
«Այսուհետ մենք չենք սահմանափակվի միայն անբարեխիղճ տնտեսվարողներին պատժելով, կկազմենք «սեւ ցուցակ», որպեսզի նրանք չկարողանան մասնակցել պետգնումների մրցույթներին»,- նշել էր նա։
Մասնավորապես պարզվել էր, որ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է եւ կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, իսկ հենց նույն ընթացքում տեղի ունեցած մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ: Արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել այդ ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ կարտոֆիլը մատակարարելով իր համար շահավետ՝ 320 դրամ արժեքով:
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես պարզեցինք, 2013-ին «Մադոննա» ՍՊԸ-ին ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Նկատենք, որ Ազնիվ Գրիգորյանի անունով եւս մեկ կազմակերպություն էլ կա գրանցված պետռեգիստրում՝ Մարտուն Գրիգորյանի՝ 2015-ին հիմնադրած «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» զարգացման ՀԿ-ն։
Ուշագրավ է, որ սույն ՀԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Ամալի Անտոնյանը նախօրեին այսպիսի ծաղրահեգնական, մարդկանց որոշակի խմբի թիրախավորող գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում․ «Ցանկանում էինք արդար ընտրություն, ստացանք`ԸնտրաԽայտառակություն: Եվ սա արդյունքն էր նրա, որ ակնառու ընտրության գնացին իշխանական զոմբիներն ու ոչ ավել ոչ պակաս 65+ հոգով երիտասարդ մեր լեննականցիները: Ես միշտ եմ լռել իմ քաղաքական տեսակետներում, բայց այս պահին ուղղակի անհնար է չասել, որ Մարտուն Գրիգորյանը իմ տեսած ղեկավար մարմիններից ամենակշռադատ ու հավասարակշիռ մարդն է եղել ու կմնա իմ հայացքներում: Արժի սպասել, հավատացե՛ք...»։
Փաստորեն, Գրիգորյանի ՀԿ-ում մարդկային ռեսուրսների մասնագետները մարդկանց մասին արտահայտվելիս այսպիսի գրագիտություն ու որակ են ցուցաբերում։
Հեղինե Մանուկյան
Կարծիքներ