Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խnւլիգանության համար մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ:
Այսպես՝ Տավուշի մարզի, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերի տարածքներից Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոց ժամանած բազմաթիվ քաղաքացիներ, ՀՀ պետական մարմինների կողմից սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ ունեցած դժգոհությունների պատճառով, 2024թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը, տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը, որի հետ կապված նշված տարածք էր եկել նաև Տավուշի մարզի բնակիչ Յ.Հ.-ն՝ իր ծանոթների հետ:
Այդ ընթացքում Յ.Հ.-ի ընկերոջ և ճանապարհն արգելափակած անձանց միջև բանավեճ է սկսվել՝ ճանապարհը բացելու հարցի շուրջ, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը, որդու և չպարզված անձանց հետ միասին, իրենց անձի ենթադրյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների մոտ սարսափ առաջացնելու նպատակով, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, բռնության գործադրմամբ, խուլիգանություն էին կատարել, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը հարվածել է Յ.Հ.-ին և ստիպել հեռանալ:
Չհանդուրժելով տեղի ունեցածը՝ վերջինս, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ միասին, ժամը 16:00-ի սահմաններում վերադարձել են Երևանյան փողոցում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների մոտ և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել ներկաների հասցեին, ինչը վեր է ածվել քաշքշուկի:
Միջադեպի մասնակիցների գործողությունները դադարել են՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված կանխարգելիչ գործողությունների արդյունքում:
Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են։
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Յ.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք:
Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են նաև խուլիգանությանը մասնակից անձանցից մի քանիսի տվյալները, հստակեցվել են խուլիգանությունների կատարման ընթացքում վերջիններիս գործողությունները: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջադեպին մասնակից հինգ անձի մեղադրանք է ներկայացվել: Ավելի վաղ վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է վարույթի նյութերից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Կարծիքներ