ԱՄՆ-ը հայտարարել Է, որ Իրանը կարող Է 12 օրում ատոմային ռումբի համար նյութ ստանալ

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ Իրանը կարող Է 12 օրում ատոմային ռումբի համար նյութ ստանալ

Իրանի հնարավորություններն այնպիսին են, որ երկիրը 12 օրում կարող է արտադրել ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ նյութ: Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քահլը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

«2018 թ.-ին, երբ նախկին վարչակազմը որոշեց դուրս գալ ԳՀՀԾ-ից (խմբ.՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), Իրանից 12 ամիս կպահանջվեր մեկ ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ տրոհվող նյութեր ստանալու համար: Իսկ այժմ կպահանջվի մոտ 12 օր», - հայտարարել է Քահլը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ:

Նա ընդգծել է, որ Իրանը տպավորիչ առաջընթաց է արձանագրել միջուկային ոլորտում այն բանից հետո, երբ նախկին նախագահ Թրամփը Վաշինգտոնը դուրս բերեց միջուկային համաձայնագրից։ Քահլը հավելել է, որ միջուկային գործարքին վերադարձն առաջվա պես «լավագույն տարբերակն է», սակայն նշել է, որ ԳՀՀԾ-ի հարցն առայժմ հետաձգված է։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի տվյալները, հաղորդել էր, որ Իրանում մինչև 60 % հարստացված ուրանի պաշարներն անցյալ տարվա նոյեմբերից ավելացել են 40%-ով։ Ընդ որում, մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները 62,3 կգ-ից հասել են 87,5 կգ-ի։

Իր հերթին «Интерфакс»-ը հաղորդում է, որ մի շարք լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի համաձայն՝ Իրանում նաև հաստատել են, որ հունվարի 22-ին Ֆորդոյի միջուկային օբյեկտում վերցված նմուշները պարունակել են մինչև 83,7% հարստացված մասնիկներ։ Դրա հետ մեկտեղ Թեհրանում բացատրել են, որ դա պայմանավորված է «հարստացման մակարդակի չկանխամտածված տատանումներով»։

ՄԱԳԱՏԷ-ն իր հերթին նշել է, որ իրենք շարունակում են հետաքննությունը՝ պարզելու նման մասնիկների հայտնաբերման պատճառը։ Բացի այդ, մի քանի արևմտյան լրատվամիջոցներ նշում են, որ փետրվարի 12-ի դրությամբ Իրանում հարստացված ուրանի (անկախ հարստացման մակարդակից) պաշարները հասել են 3760,8 կգ-ի, ինչը 18 անգամ գերազանցում է միջուկային գործարքի շրջանակներում համաձայնեցված մակարդակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում