Սպիտակ տունը չի մեկնաբանել Ջորջ Բուշ կրտսերի «Հավանայի համախտանիշի» վարկածը
Ամերիկյան վարչակազմը պատրաստ չէ մեկնաբանել ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե իբր 2007 թվականին ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կարող էր նկատվել այսպես կոչված Հավանայի համախտանիշի նշաններով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիերը։
Ամերիկյան Washington Examiner թերթն այս շաբաթվա սկզբին հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, որ Բուշ կրտսերը, նրա կինը և ամերիկյան պատվիրակության մի շարք անդամներ 2007 թվականին Գերմանիա կատարած այցի ժամանակ իրենց վատ են զգացել։ Նրանցից ոմանք ունեցել են սրտխառնոցի, գլխապտույտի և գլխացավի նոպաներ։ Սպիտակ տան աշխատակիցներից մեկն այն ժամանակ, իբր, մասամբ կորցրել է լսողությունը։ Հրապարակման մեջ ներկայացված վարկածի համաձայն՝ ԱՄՆ մի շարք նախկին և ներկա պաշտոնյաներ կարծում են, որ այս գործը կրկին ուշադրության է արժանի «Հավանայի համախտանիշի» վերաբերյալ ամերիկյան կողմի հետաքննության համատեքստում։
«Առաջին անգամ եմ լսում այս հրապարակման մասին: Ես ստիպված կլինեմ քննարկել այն իմ գործընկերների հետ», - ասաց Ժան-Պիերը՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել այդ թեմայի վերաբերյալ պնդումները:
Washington Examiner-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ նկարագրված իրադարձությունները, մասնավորապես, շարադրված են ԱՄՆ նախկին առաջին տիկին Լորա Բուշի հուշերում։ Նա նշել է, որ իր ամուսինն այն ժամանակ վատառողջության պատճառով, իբր, չի կարողացել անգամ ոտքի կանգնել՝ ողջունելու Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիին։
Կարծիքներ