Բրյուսելում տարածաշրջանային հարցեր չեն քննարկվելու. ԱԽ քարտուղար
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք առաջնորդների մակարդակով հանդիպման նպատակն այս ընթացքում քննարկված օրակարգային բոլոր հարցերն առաջ մղելն է, Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են։ «Բրյուսելում տարածաշրջանային հարցեր չեն քննարկվելու։ Չափազանցված են բոլոր այն խոսույթները, որոնք տարածվում են ՌԴ և Ադրբեջանի կողմից՝ աղմուկ ստեղծելու նպատակով։ Իհարկե, քաղաքական առումով շատ կարևոր հանդիպում է, որին խանդով և բացասաբար են վերաբերվում»,- ասել է Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին՝ ընդգծելով, որ հարևան երկրի հետ ունենք բարձր մակարդակի փոխըմբռնում․ «Բարձր ենք գնահատում մեր փոխհարաբերությունները։ Դրանք ռազմավարական են, քանի որ կարողացել ենք բարդ քննարկումներ ունենալով բաց անկեղծ խոսակցության շրջանակներում կառուցել ամուր հարաբերություններ։ Դրանք չենք փոխկապակցում այլ երկրների հետ»։
Գրիգորյանի կարծիքով՝ Ֆրանսիան շատ զգայուն է Հայաստանի անվտանգային հարցերի նկատմամբ, և երբեմն հենց Ֆրանսիայի գործընկերները խորքային կարող են չըմբռնել տարածաշրջանում և Հայաստանում վտանգների խորքային լինելը։
«Ուստի Ֆրանսիայի հանդեպ քննադատություններն անտեղի են։ Ֆրանսիան ռազմարդյունաբերության արտահանման առումով աշխարհում երկրորդ տեղում է, և մենք շատ բարձր ենք գնահատում այն բոլոր զենքերը, որոնք պատրասվում ենք գնել կամ արդեն գնել ենք»,- ասել է նա։
ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ ԵՄ-ի և անդամ երկրների հետ քննարկում են ՀՀ-ում իրականացվող անվտանգության ոլորտի բարեփոխումները․ «Մեծ օրակարգ ունենք, որն առաջ ենք մղում»։
Կարծիքներ