Միքայել Մինասյանի գործն ուղարկվել է հեռակա դատաքննության
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության:
Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ Մ.Մ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):
Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Մ.Մ.-ն, 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը՝ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի 435-Ն որոշմամբ՝ Էներգետիկայի նախարարության «Հայէներգանորոգում» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված «Ձորա ՀԷԿ» տեղամասի՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի ներդրմամբ ստեղծվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերությունը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Պաշտպանության նախարարությանը:
2010 թվականի դեկտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարության կողմից մշակվել է վերոնշյալ գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին կառավարության գաղտնի որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվել է թույլատրել Պաշտպանության նախարարությանը՝ հավանություն տալ խոշոր գործարքի կնքմանը, այն է՝ 3 մլրդ 600 մլն դրամով գույքն օտարել փաստացի Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է Մ.Մ.-ին փոխկապակցված անձանց՝ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի կողմից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առևտրային ընկերության և «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին:
2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:
Այնուհետև, Կառավարությունը, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով, 2011 թվականին համապատասխան որոշմամբ փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Արդյունքում՝ խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում: Կառավարության որոշման հիման վրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխել է էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան և 2012-2016 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանել կրկնակին գերազանցող սակագներ: Արդյունքում՝ «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ: Մ.Մ.-ն քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին:
Վերը նշված ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված գումարներից՝ առանձնապես խոշոր չափերով 333 մլն 861 հազար 167 դրամ գումարն օրինականացնելու միասնական դիտավորությամբ փաստացի ստացված գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, դրանց իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Միքայել Մինասյանը վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այն է՝ տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք։
2023 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում էր կայացվել քրեական վարույթով մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:
2023 թվականի նոյեմբերի 29-ին դատախազը հաստատել է Մ.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ միասին հանձնել հակակոռուպցիոն դատարան:
Միաժամանակ, դատախազի կողմից դատարան է ներկայացվել մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:
Կարծիքներ