Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

Նախաձեռնվել է քրեական վարույթ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Պարույր Խաչատրյանին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։

Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությունն է տարածել․

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:

Նախնական տեղեկություններով՝ 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով կրծքավանդակի ձախ կեսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Վաչագանի Խաչատրյանը»:

Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում