Թբիլիսիի կենտրոնում ընդդիմադիրները կրկին բողոքի ակցիա են անում. նրանք պահանջում են ազատ արձակել Սաակաշվիլիին

Թբիլիսիի կենտրոնում ընդդիմադիրները կրկին բողոքի ակցիա են անում. նրանք պահանջում են ազատ արձակել Սաակաշվիլիին

Ընդդիմադիր կուսակցությունները՝ «Միացյալ ազգային շարժման» գլխավորությամբ, կրկին աջակիցներին հավաքել են Թբիլիսիի կենտրոնում անկացվող բողոքի ակցիային, հայտնում է sputnik-georgia.ru-ն։

Վրաստանի խորհրդարանի հարևանությամբ գտնվող Ռուսթավելի պողոտան փակ է. Խորհրդարանի դիմաց հանրահավաքին մի քանի հազար մարդ է մասնակցում: Նրանք պաշտպանում են հանրահավաքի երեք պահանջները. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխումը քաղաքացիական կլինիկա, նրա ազատ արձակումը և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան արդեն տեղեկացրել է աջակիցներին այսօրվա և վաղվա անելիքների մասին։

«Առավոտյան բողոքի ակցիա ենք կազմակերպելու ամբողջ Թբիլիսիով մեկ։ Մենք կանենք այն, ինչ նախկինում երբեք չեն արել քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, ինչը մեզ բնորոշ չէ։ Մենք սովոր ենք մի կետում կռվել, և դա իշխանություններին թույլ էր տալիս շունչ քաշել, բայց հիմա հակառակն ենք անելու և աստիճանաբար կավելացնենք տեղանքները, մինչև ամբողջ Թբիլիսին ծածկվի ակցիաներով», - ասել է Մելիան։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

Հիշեցնենք, որ երեկ Սաակշվիլին հոսպիտալացվել է բանտային հիվանդանոց:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում