Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկը համավարակ է հռչակել

Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկը համավարակ է հռչակել

Առողջապահության համաշխարհային ցանցը (The World Health Network) կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Մասնավորապես նշվել է, որ աշխարհի 58 երկրում հաստատվել է կապիկի ծաղկի 3417 դեպք և բռնկումներն ակտիվորեն տարածում են գտնում բոլոր մայրցամաքներում: «Բռնկումները չեն դադարի առանց համաձայնեցված գլոբալ գործողությունների: Անգամ ծաղիկի համեմատ մահվան ավելի քիչ ցուցանիշներով՝ քանի դեռ տարածումը կանխող գործողություններ չեն ձեռնարկվել, միլիոնավոր մարդիկ կմահանան, շատերը կկուրանան կամ հաշմանդամություն ձեռք կբերեն»,- ասվում է հայտարարության մեջ:

«Համավարակ եզրույթը վերաբերում է վարակիչ հիվանդությանը, որը լայն տարածում է ստանում՝ հատելով միջազգային սահմանները, և ազդում է մարդկանց մեծ խմբերի վրա: Տարբեր մայրցամաքներում տարածման արագացող աճը և այն դադարեցնելու համար համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը համապատասխանում են համավարակի հայտարարման և՛ չափանիշներին, և՛ նպատակին: Անհրաժեշտ են համաձայնեցված գլոբալ գործողություններ»,- ասվում է Առողջապահության համաշխարհային ցանցի հայտարարության մեջ: Կազմակերպությունը կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը անհապաղ գործի անցնել՝ ձեռնարկելու հնարավոր բոլոր միջոցները՝ կանխելու հիվանդության տարածումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 23-ին արտակարգ նիստ է հրավիրելու՝ գնահատելու կապիկի ծաղկի բռնկման համաշխարհային վտանգը: Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել էր, որ ի տարբերություն նախկին բռնկումների՝ վիրուսի ներկա տեսակն իրեն արտասովոր է դրսևորում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում