Հայաստանի իրավազորությունից դուրս գործող ճանապարհներ ՀՀ-ում չեն լինելու. Եղոյանը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա իրավազորություն՝ որոշելու, թե որ ավտոմեքենան, որ բեռը, ինչ քանակի բեռ կարող է մտնել Հայաստանի Հանրապետություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին շեշտեց Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանը, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։
Անդրադառնալով դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանվում է, որ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները՝ Եղոյանն ասաց. «Հայ-իրանական սահմանի երկայնքով էլ կան ռուս սահմանապահ ուժերի ուղեկալներ, մաքսակետում էլ, մի քանի այլ կետերում էլ: Եվ հիմա պետք է երկու հարց իրարից տարանջատենք, ՀՀ իրավազորության տակ գործո՞ղ, թե ՀՀ իրավազորությունից դուրս գործող ճանապարհ: Հայաստանի Հանրապետությունն ասել է, որ իր իրավազորությունից դուրս գործող ճանապարհներ Հայաստանում չեն լինելու»:
Իսկ թե կոնկրետ ինչ են անելու ռուս սահմանապահները՝ նա հիշեցրեց 9-րդ կետը՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունը:
«Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ չի դնում Հայաստանի իրավազորությունը իր տարածքի նկատմամբ: Նույնիսկ Ազգային ժողովը չի կարող ընդունել օրենք, որը Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կսահմանափակի»,-ասաց պատգամավորը:
Հայաստանի անփոփոխ դիրքորոշումն այն է, որ ՀՀ տարածքում գործող ճանապարհները պետք է գործեն ՀՀ իրավազորության ներքո: Ըստ Եղոյանի՝ տեխնիկական նրբություններն առանձին քննարկման առարկա են:
Նա նշեց՝ այսօրվա տեխնիկական միջոցներով շատ լայն հնարավորություն կա՝ վերահսկողություն հասկացության ներքո կազմակերպել տարբեր միջոցառումներ: «Երբ Հայաստան մտնում է մեկ ավտոմեքենա, Հայաստանը պետք է 100 տոկոսով իմանա, թե ինչ է այդ մեքենայի մեջ, որքան բեռ կա այդ մեքենայի մեջ, երբ այն մտավ Հայաստան, երբ դուրս եկավ: Հայաստանի Հանրապետությունը պետք է 100 տոկոսով սա իմանա, երկրորդ՝ Հայաստանը պետք է ունենա իրավազորություն՝ որոշելու, թե որ ավտոմեքենան, որ բեռը, ինչ քանակի բեռ կարող է մտնել Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետությունը վերահսկում է իր սահմանները, այդ սահմանները հատող բեռների տեսակն ու քանակն ու իր տարածքում գտնվող ճանապարհները»,-ասաց Եղոյանը:
Նա նշեց՝ հենց հիմա քննարկումները գնում են այն հարցի շուրջ, թե ինչպես են ճանապարհներն ապաշրջափակվելու: Իսկ թե շենքում ով է նստելու, որ տեսախցիկով ով է դիտարկելու, լինելու է ուղեկցում, թե չի լինելու և այլն, այս ամենը տեխնիկական հարցեր են:
Պատգամավորը հավելեց՝ ադրբեջանցիներն ուզում են, որ այնտեղ որքան հնարավոր է քիչ հայկական վերահսկողություն լինի: «Բայց դա իրենց ուզելով չէ: Դա Հայաստանի Հանրապետության ուզելով է, որովհետև գոյություն ունի միջազգային իրավունք, միջազգային կարգուկանոն: Ցանկացած պետություն ինքն է իր տարածքում որոշում, թե որ ճանապարհը որ կարգուկանոնով օգտագործի, տնօրինի: Իսկ Հայաստանն ասել է, որ իրավազորությունը չի զիջվելու»,-ասաց նա:
Կարծիքներ