Հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերություններն ակտիվացել են. ԱԳ փոխնախարար

Հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերություններն ակտիվացել են. ԱԳ փոխնախարար

Չնայած կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումներին՝ հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունները 2021-ին ակտիվացել են, հաջորդ տարի ակնկալվում է բարձրաստիճան և բարձր այցերի հաճախականության ավելացում:

Այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

2022-ին լրանալու է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Այս կապակցությամբ ռուսաստանյան գործընկերների հետ համաձայնեցման փուլում է գտնվում հոբելյանական միջոցառումների ցանկը, որում ընդգրկված են երկկողմ բարձրաստիճան և այլ մակարդակի փոխայցեր, միջկառավարական, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովների հոբելյանական նիստերի գումարում, հայ-ռուսական հարաբերություններին նվիրված համաժողովների անցկացում և այլն:

«2021-ին, չնայած համավարակի սահմանափակումներին, ակտիվացել են նաև հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունները թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում: Կայացել են ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի 4 հանդիպում, տասնյակից ավելի հեռախոսազրույցներ, 5 հանդիպում արտգործնախարարների մակարդակով և տասնյակից ավելի հեռախոսազրույցներ: 2022-ին ակնկալվում է բարձրաստիճան և բարձր այցերի հաճախականության ավելացում՝ այդ թվում պայմանավորված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,- ասաց փոխնախարարը:

Դեկտեմբերին ծրագրվում է Երևանում անցկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 20-րդ նիստը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում