Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Մասկատում հոկտեմբերի 2-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա ալ Հարիսի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ, կարևորել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը: Երկուստեք ընդգծվել է վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության ոլորտներում, ինչպես նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության կարևորությունը: 

«Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Օմանի առևտրի, արդյունաբերության և ներդրումների առաջմղման նախարարի տեղակալ Իբթիսամ Ահմեդ Սաիդ ալ Ֆարուջիի հետ: Հայկական պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել «Ինվեսթ Օման» ցուցասրահ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում