Ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այնքան նշանակում է, որ անվտանգության պակաս կա․ վարչապետ
Հայաստանի դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիվանագետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
«Մենք պետք է չմոռանանք մեր դիվանագիտության և դիվանագիտական գործունեության՝ արտաքին հարաբերությունների ոլորտում մեր գործունեության ամենակարևոր նպատակը: Այդ նպատակը մեր երկրի պետական շահը, այն է՝ մեր երկրի տնտեսական զարգացումն ապահովելն է: Դա էլ է խնդիր, որ մենք այդքան կենտրոնացած ենք անվտանգության վրա, ինչը, իհարկե, կենսական անհրաժեշտություն է: Բայց ինչքան անմիջական է մեր լարվածությունը և մեր կարիքն անվտանգության, այդքան նշանակում է, որ մենք հեռու ենք տնտեսական զարգացման տրամաբանությունից, այնքան քիչ ժամանակ ու ուշադրություն ենք դարձնում տնտեսական զարգացմանը»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ վերջին տարիների պրոցեսներն ու այն, ինչի մասին հրապարակային խոսում են, ակնհայտորեն վկայում են իրադրության դիտանկյունի փոփոխության մասին:
«Երբ տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ խոսելիս ասում ենք, որ կարծես, տնտեսությունը վազանցում է քաղաքական պրոցեսներին, դա միանշանակ դրական է: Դա նշանակում է, որ մեր դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա: Որովհետև ինչքան մենք կենտրոնացած ենք տնտեսական զարգացման տրամաբանության վրա, դա նշանակում է՝ այնքան ավելի հեռացած ենք զուտ լարվածության և էսկալացիայի տրամաբանությունից ու շրջանակից»,- նշեց վարչապետը:
Ըստ վարչապետի, պետք է դիվանագիտությանը և դիվանագիտական ծառայության դերին երկրի անվտանգության և բնականոն զարգացման գործում ավելի ուշադիր լինենք:
«Իրականության՝ մի փոքր աղճատված գիտակցության արդյունք է, որ մենք անվտանգություն ասելիս սովորաբար միշտ առաջին հերթին հասկացել ենք բանակ, երկրորդ հերթին՝ բանակ, երրորդ հերթին՝ բանակ։ Բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս դա կապում բանակի հետ, այնքան նշանակում է, որ անվտանգության պակաս կա, այդքան նշանակում է, որ անվտանգության վիճակը բարվոք չէ: Եվ ընդհակառակը՝ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, նշանակում է՝ անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա»,- ասաց Փաշինյանը:
Նա դիվանագիտական ծառայությունը համեմատեց ավտոմեքենաներից հայտնի climate control-ի հետ:
«Դիվանագիտական ծառայության ամբողջ իմաստն ու նշանակությունն այն է, որ արտաքին միջավայրում և դրա ազդեցությամբ, նաև ներքին միջավայրում եղանակը լինի հնարավորինս բարենպաստ՝ ձմեռները՝ հնարավորինս տաք, ամառները՝ հնարավորինս զով, անձրևները՝ հնարավորինս մեղմ։
Եվ կարծում եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով: Սրա համար պետք է ավելի ու ավելի լավ ճանաչել աշխարհը, ավելի ու ավելի լավ ճանաչել պրոցեսները, ավելի ու ավելի լավ տեսնել այն փոփոխությունները, որ տեղի են ունենում աշխարհում և վերափոխվել այդ փոփոխություններին զուգահեռ: Զարգացումը փոփոխման պրոցես է, որովհետև, եթե տեղի չի ունենում փոփոխություն, նշանակում է՝ տեղի չի ունենում զարգացում: Եթե մենք այսօր այսպիսին ենք, ինչպիսին էինք 20 տարի առաջ, նշանակում է՝ մենք մնացել ենք նույն կետում, նշանակում է լճացում է տեղի ունեցել: Մենք պետք է փոխվենք: Փոխվել, առաջին հերթին, նշանակում է ընդլայնել մեր գիտելիքի և իմացության շրջանակը, խորությունը և ծավալը: Եվ ես կարծում եմ, որ հիմա մենք այդ ուղղությամբ ենք գնում և պետք է շարունակենք գնալ այդ ուղղությամբ»,- ասաց վարչապետը:
Նա կարևորեց ավելի շատ իրադարձություններ, իրադարձությունների փոխադարձ կապվածությունն իմանալը:
«Նույնիսկ այսօր մեր տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք պատճառահետևանքային կապերը մենք միանգամից չէ, որ տեսնում ու նկատում ենք: Բայց լավ լուրն այն է, որ մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք տեսնում ու նկատում: Դա նշանակում է, որ ավելի շատ գործիքների ենք տիրապետում մեր շուրջ միջավայրը, մեր շուրջ կլիման մեզ համար ավելի կանխատեսելի ու կառավարելի դարձնելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը։


Կարծիքներ