Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսքի պատճառով․ նոր մանրամասներ Ոսկեհասկի դեպքից
Օգոստոսի 1-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։
«Ֆեյսբուք»-ի էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել պայթյունի դեպքից՝ նշելով.
«Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ, 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակների տակից։ Բայցի այդ, մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։
Նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայր են մեկնել Ախուրյանի քննչական բաժնի քննիչներ՝ անհետաձգելի, առաջնային քննչական գործողություններ կատարելու նպատակով։
Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- գրել է նա:
Կարծիքներ