Լուսնի վրա ավելի քան 100 հազար նոր խառնարան է հայտնաբերվել
Գիտնականները, մեքենայական ուսուցման մեթոդներ կիրառելով, շուրջ 109 000 խառնարան են հայտնաբերել Լուսնի մակերեսին, որոնց գոյությունն անհայտ էր եղել մինչ օրս:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածին, նորահայտ խառնարաններից շուրջ 19 000-ը հաջողվել է գնահատել ուսումնասիրության ընթացքում:
Խառնարանները զբաղեցնում են Լուսնի մակերեսի մեծ մասը: Դրանք վերաբերում են հինգ երկրաբանական ժամանակաշրջանների, որոնք, ընդհանուր առմամբ, մոտ 4 մլրդ տարվա պատմություն ունեն:
Միջազգային աստղագիտական միությունը 1919 թվականից մինչ օրս 9137 լուսնային հարվածային խառնարան է հայտնաբերել: Դրանցից 1675-ի տարիքն է միայն որոշվել, որն օգտագործվում է այլ խառնարանների ձևավորման ժամանակահատվածը պարզելու համար:
Չինացի գիտնականներն Իտալիայի և Իսլանդիայի իրենց գործընկերների հետ միասին լուսնային հարվածային խառնարանների նույնականացման համար օգտագործել են չինական լուսնային առաքելության սարքավորման տվյալները:
Կարծիքներ