Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել Աբովյանի քննչական բաժնի, ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների և մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ:
«Հոկտեմբերի 30-ին Երևանի Թևոսյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվեցին և, իրենց վարած «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին ներկայացվեցին 52 և 53 տարեկան երկու տղամարդիկ:
52-ամյա տղամարդու մոտ խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա տեսակի թմրամիջոց: Փաստերի ճնշման տակ 53-ամյա տղամարդը չժխտեց, որ մեքենայում եղած սուբուտեքսը 10 հազար դրամով գնել է Ջրվեժ գյուղում` իր ծանոթից: Իրավապահներն արդեն գիտեին ծանոթի ինքնությունը:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Հայտնաբերվեց ու այս դեպքում արդեն թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով ձերբակալվեց նաև Ջրվեժի 56-ամյա բնակիչը և, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխվեց բաժին:
Վարույթի շրջանակներում նույն օրը 56-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց խուզարկություն. հայտնաբերվեցին 1 կգ 452 գրամ մարիխուանա, 15 գրամ մեթամֆետամին, 2,5 գրամ կոկաին, մեկ գրամ հերոին, 2 գրամ հաշիշ, մեկուկես հաբ սուբուտեքս և 170 մլ մեթադոն տեսակի թմրամիջոցներ ու հոգեմետ 110 դեղահաբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ