Մարտակերտն առնվազն 500 նոր բնակարան կունենա․ Արցախի նախագահը այցելել է Մարտակերտի շրջան

Մարտակերտն առնվազն 500 նոր բնակարան կունենա․ Արցախի նախագահը այցելել է Մարտակերտի շրջան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Նախագահը ծանոթացել շրջանում ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետների հետ քննարկել է  առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ:

Երկրի ղեկավարը ներկայացրել է Մարտակերտ քաղաքի զարգացման տեսլականը՝ նշելով, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը: Դրան հասնելու համար մշակվում են տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման նախագծեր:

Քաղաքի հիմնական խնդիրը բնակարանայինն է: Նախագահը մարտակերտցիներին առաջարկել է որոշումներ կայացնել 1990-ականների  պատերազմից մնացած ավերակները վերակառուցելու կամ դրանց տեղում նոր բնակարաններ կառուցելու վերաբերյալ: Առաջիկայում Մարտակերտը առնվազն 500 նոր բնակարան կունենա:

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ նախագահն ընդգծել է, որ ներկա փուլում   անվտանգությունն ապահովվում է ԱՀ ՊԲ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության միջոցով: Այդ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում լուծել նաև առօրյա կենսագործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Արայիկ Հարությունյանը մեկ այլ խորհրդակցություն է անցկացրել Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներում մնացած գյուղերի համայնքապետների հետ: Քննարկվել են բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը,  քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում