Կրակել են 25-ամյա երիտասարդի վրա. կասկածյալն անտառապահն է, ում որդին առանձնակի դաժանությամբ սպանության հեղինակ է
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկաններն ու քննիչները, որոնց հայտնել ն, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի բնակիչ 25-ամյա Ժորա Սիմոնյանն է:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Այգեհովիտ բնակավայրի հարակից «Երկար թալա» կոչվող հանդամասում է Ժ. Սիմոնյանը՝ իրեն պատկանող ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենայով և համագյուղացի 20-ամյա Ռազմիկ Բլբուլյանի հետ վառելափայտ հավաքելու նպատակով գտնվելիս է եղել ու այդ ժամանակ նրանց է մոտեցել համագյուղացի 62-ամյա Մարտուն Եսայանը, ով պահանջել է, որպեսզի նրանք հանդամասից հեռանան, սակայն այդ ժամանակ Ժ. Սիմոնյանի կողմից Մ. Եսայանի հասցեին հնչել են հայհոյանքներ, ինչից հետո Մ. Եսայանը հեռացել է, ապա մոտ 30 րոպե անց նա վերադարձել է արդեն զինված և տեսնելով Ժ. Սիմոնյանին, կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվել է նաև տաք հետքերով հայտնաբերել Մ. Եսայանին, ում տեղափոխել են ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և այդ փաստաթղթերով հանդեձ Մ. Եսայանին ներկայացրել են Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով՝ «սպանության փորձ» հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով ՝ Մ. Եսայանը նախկին անտառապահ է, նրա տղան էլ 2022 թվականի օգոստոսին Տավուշի մարզում կատարել էր առանձնակի դաժանությամբ սպանություն, կտրել էր զոհի ականջները և հետքերը վերացնելու նպատակով դին այրել էր:
Նշվում է, որ վիրավորը «Իջևան» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ:
Կարծիքներ