Թրամփը հայտնել է, որ չի ցանկանում ԱՄՆ նախագահական ընտրությունները հետաձգել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում հետաձգել երկրում նոյեմբերին նախատեսված համընդհանուր ընտրությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում լրագրողների առաջ ելույթ ունենալով՝ նա կրկին քննադատել է փոստով քվեարկությունը: «Ես պարզապես զգում եմ, որ չեմ ցանկանում [ընտրությունների] հետաձգում: Ես ցանկանում եմ, որ ընտրությունները կայանան [նոյեմբերին], բայց նաեւ չեմ ցանկանում երեք ամիս սպասել [դրանց արդյունքներին], իսկ հետո իմանալ, որ [փոստով ուղարկված] բոլոր քվեաթերթիկները կորել են, իսկ ընտրությունները ոչ մի բան չեն նշանակում: Ահա թե ինչ տեղի կունենա [փոստով քվեարկելու դեպքում]: Սա առողջ դատողություն է»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը:
«Բոլորը սա գիտեն: Խելացի մարդիկ սա գիտեն, հիմարները կարող են չիմանալ, իսկ որոշ մարդիկ չեն ցանկանում այս մասին խոսել, բայց դա գիտեն»,- հավելել է պետության ղեկավարը:
Վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը շեշտել է, թե այնպիսի ընտրություններ է ցանկանում, որոնց ժամանակ ամերիկացիները գալիս են ընտրական տեղամասեր, նշում իրենց անունը, ստորագրություն դնում համապատասխան փաստաթղթում: «Ես երկար տարիներ շարունակ այդպես եմ արել»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա փոստով քվեարկությունն անվանել է ԱՄՆ հանդեպ «չափազանց անարդար»: «Եթե դա [փոստով քվեարկությունը] տեղի ունենա, մեր երկիրը կդառնա ամբողջ աշխարհի ծաղրի առարկան, որովհետեւ բոլորը գիտեն, որ դա չի գործի»,- կարծում է նա:
Թրամփը նշել է, թե զարմացած էր՝ ամերիկյան լրատվամիջոցներում ծանոթանալով փոստով քվեարկությանն ուղղված քննադատությանը: «Սա աղետ է: Մենք անախորժություններ ենք փնտրում: Ցանկանո՞ւմ եմ արդյոք [ընտրությունների] օրվա տեղափոխում: Ո՛չ, ես չեմ ցանկանում անազնիվ ընտրություններ: Եթե դա [փոստով քվեարկությունը տեղի ունենա], ապա այդ ընտրությունները կդառնան ամբողջ պատմության մեջ ամենակեղծվածը»,- ամփոփել է ամերիկացի առաջնորդը:
Կարծիքներ