Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան
«Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Սեւանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, եւս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման, ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Եւ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության եւ կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ ում գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով:
Սա միայն ափամերձ հողերի մասով։
Իսկ բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է՝ բոլորը ենթակա ապամոնտաժման եւ քանդման։
Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարեւորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:
Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել մեր բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սեւանա լճի էկոհամակարգը»,- գրել է նա:
Կարծիքներ