Գերասիմ Ավետիսյանը բռնության և մահակներով, բենզինի շշերով զինվելու կոչեր է արել. նրան մեղադրանք է ներկայացվել
Ավարտվել է Աբովյանի բնակիչ Գ. Ավետիսյանի կողմից քաղաքական հայացքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին հայտնւմ են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով՝ «Գերաս Ավետիսյան» անունով օգտատիրոջ անհատական էջով, 2023թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:15-ին և 14:23-ին, տեսանյութեր են հրապարակվել, որոնցում, Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական սուր իրադրության պայմաններն օգտագործելով, կոչ է արվել զենքերը վայր չդնել, զինվել մահակներով, դանակներով, բենզինի շշերով և այլ առարկաներով՝ հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու նպատակով։
Այդ տեսանյութերը տարածվել են նաև առցանց սոցիալական այլ հարթակներով։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գերասիմ Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Կարծիքներ