Հայտնաբերվել են 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ. Ոստիկանության պարզաբանումը
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ երեկ Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն:
Ըստ հաղորդագրության՝ միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների:
«Մեր քաղաքացիների ներողամտությունն ենք հայցում պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնենք, որ այդ կարգի գործողություններն իրականացվում են հենց քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել են 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ դժվար չէ պատկերացնելը, թե նշված զենքերն ինչպիսի վտանգ կարող էին ներկայացնել հենց քաղաքացիների համար:
Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ պարբերաբար իրականացրել և իրականացնելու է նմանատիպ կանխարգելիչ և նախականխման միջոցառումներ՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունը հանրային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում:
Կարծիքներ