«Եթե լավ անեիք ձեր աշխատանքը, ես նախագահ չէի լինի». Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի գործող և նախկին նախագահներ Դոնալդ Թրամփը և Բարաք Օբաման մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին նախընտրական քարոզարշավի շրջանակում, քանի որ Սպիտակ տան նախկին ղեկավարը հանդես է գալիս Ջո Բայդենի՝ իր նախկին փոխնախագահի օգտին, գրում է Reuters-ը։
Օբաման, մասնավորապես, հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահը մեղավոր է կորոնավիրուսային վարակին զոհ դարձած 170 հազար ամերիկացիների մահվան համար:
«Դոնալդ Թրամփը չի «ձգում» այդ պաշտոնին, քանի որ չի կարող անել իր աշխատանքը։ Եվ այդ ձախողման հետևանքները շատ լուրջ են. 170 հազար ամերիկացիների մահ»,-նշել է Օբաման։
Ընդ որում, նա նշել է, որ Բայդենն անհրաժեշտ փորձ և բնավորություն ունի Միացյալ Նահանգներն ավելի ուժեղ դարձնելու համար:
Twitter-ում Թրամփը պատասխանել է Օբամային՝ նշելով, որ միայն մյուս դեմոկրատ մրցակիցների դուրս մնալուց հետո Բայդենին աջակցելու Օբամայի որոշումը վկայում է Բայդենի թեկնածության վերաբերյալ վերջինիս կասկածների մասին:
«Ես այստեղ եմ, որովհետև նախկինում այստեղ աշխատել են նախագահ Օբաման և Ջո Բայդենը։ Եթե նրանք լավ անեին իրենց աշխատանքը, ես այստեղ չէի լինի»,- ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Օբաման իրեն «որպես ժառանգություն մղձավանջ է թողել»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին։
Կարծիքներ