Կաթողիկոսն ընդունել է Իրանի մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին

Կաթողիկոսն ընդունել է Իրանի մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին

Դեկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին։

Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական հարաբերություններն ու սերտ փոխգործակցությունն ունեն հարուստ պատմություն։ Երկու երկրների կապերի խորացման և ամրապնդման գործում, ըստ Նորին Սրբության, իր մեծ նպաստն է բերում նաև Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողացել է պահպանել իր ազգային մշակույթն ու արժեքները։

Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկություններ է փոխանցել իրենց այցի ծրագրերի և ակնկալիքների վերաբերյալ։ Վերջինս հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարևոր է նկատել նաև երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը։ Պրն․ Սեյեդ Մեհդի Ֆարշադանը, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանն արցախյան պատերազմի և հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցություն համար։

Իր բարեմաղթանքները բերելով Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն՝ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումները բարի արդյուքներ կարձանագրեն ի նպաստ բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում