«Եվրասիա» ավագ դպրոցի սաները հյուրընկալվել են Քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեն հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոցի հումանիտար հոսքի «Իրավագիտություն» ենթահոսքի և «Իրավաբանական դպրոցի» մի խումբ աշակերտների։
Վերջիններիս հետ հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը։
Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն աշակերտներին մատչելի եղանակով, դեռահասների համար ընկալելի օրինակներով ներկայացրել է Հայաստանի իրավապահ համակարգի կառուցվածքը, դրանում Քննչական կոմիտեի տեղն ու դերը, գործառույթների շրջանակը, ստեղծման և կայացման անցած ճանապարհը։ Անդրադարձ է կատարվել նաև Քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, քննիչի պաշտոնին հավակնողներին ներկայացվող պահանջներին, քննիչ դառնալու ընթացակարգին։ Արսեն Այվազյանը նաև բացատրել է քննչական աշխատանքի էությունը, երկրում իրավակարգի պաշտպանության և հանցավորության դեմ պայքարում նրանց ունեցած առաքելությունը։
Աշակերտները հետաքրքրվել են քննիչների մտավոր և բարոյահոգեբանական նկարագրով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցներով, շեշտվել է այդ չարիքից, ինչպես նաև հանցածին վարքագծից դեռահասների զերծ մնալու կարևորությունը։ Ավագ դպրոցի սաները հարցեր են ուղղել նաև առանձին քննչական գործողությունների կատարման մասին։
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը բոլոր աշակերտներին հաջողություններ է մաղթել ուսման, մասնագիտության ընտրության հարցում և նշել, որ անհրաժեշտ կրթություն ստանալուց հետո նրանցից լավագույններին սիրով սպասում են Քննչական կոմիտեում։
«Եվրասիա» ավագ դպրոցի սաները շրջել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքում, ծանոթացել են քննիչների բնականոն աշխատանքի համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։
Կարծիքներ