«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ. Օհանյանը մանրամասներ ներկայացրեց
«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ խորհրդարանում հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Խորհրդարանական ճեպազրույցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Դեսպանի հետ խմբակցության խորհրդի կազմով ենք հանդիպել: Մենք քննարկել ենք իրադրությունը, ներկայացրել ենք մեր խմբակցության տեսակետները ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Քննարկել ենք նաև խորհրդարանական համագործակցության հետ կապված հարցեր: Եվ, իհարկե, քննարկել ենք այն իրադրությունը, որ ստեղծվել է Հայաստանի շուրջ»,- մանրամասնեց Օհանյանը:
Նա հավելեց, որ հանդիպման ընթացքում կարևորել են հայ-ռուսական համագործակցությունը: «Խոսել ենք միացյալ զորախմբի մասին, սահմանապահ գործունեության մասին: Որոշակի փակ խնդիրներ կան, որոնց մասին ես այսօր այստեղ չէի ցանկանա խոսել: Կարծում եմ, որ հիմնական ուղղությունների մասին ես ասացի»,- ասաց Օհանյանը:
Հարցին՝ խոսակցություն եղե՞լ է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հնարավոր նոր փաստաթղթի ստորագրման մասին, ինչի մասին լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, Օհանյանը պատասխանեց. «Մեր կողմից հարցապնդում եղել է: Դեսպանը ասաց, որ ինքը լիարժեք մինչև վերջ տեղեկություն չունի դրա մասին»:
Կարծիքներ