ՀՀ-ն ակնհայտորեն ուզում է մաս լինել միջազգային տարանցման. Միրզոյանը խոսեց Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից

ՀՀ-ն ակնհայտորեն ուզում է մաս լինել միջազգային տարանցման. Միրզոյանը խոսեց Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից

Հայաստանն ակնհայտորեն ցանկանում է մաս լինել միջազգային տարանցման՝ ըմբռնմամբ, որ իր ինքնիշխանությունը իր ենթակառուցվածքների նկատմամբ որևէ կերպ չի կարող սահմանափակվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին:

«Բնականաբար տարվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է առանցքային ուղղություններից մեկը, եթե չասեմ՝ ամենաառանցքայինը: ՀՀ-ի կառուցողական ջանքերը տարածաշրջանում երկարատև, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ, նպատակն էլ շարունակել է մնալ նույնը»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը ևս մեկ անգամ հիշատակեց սկզբունքները, որով Հայաստանն առաջնորդվում է խաղաղության շուրջ բանակցելիս. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: «Սա մի հռչակագիր է, որով 1991-ին Խորհրդային Միության 11 հանրապետություն որոշում և հանրահռչակում է, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմաններն այդ պահից հռչակվում են, և երկրները ճանաչում են որպես նորանկախ պետությունների միջև միջպետական սահմաններ: Եվ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում մեզ համար առանցքային է այս սկզբունքին հղում անելը: Սա էական է ու քաղաքական հիմք է՝ և փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման համար, և հետագա սահմանազատման գործընթացի համար»,-ասաց Միրզոյանը:

Տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի համար չափազանց էական է, որ այդ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ երկրների ինքնիշխանությունը, ազգային իրավազորությունը: «Եվ իհարկե, ենթադրվում է, և մենք պնդում ենք, որ բոլոր գործողությունները, որ կարվեն ապաշրջափակման ուղղությամբ, արվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,-նշեց նա:

Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլ նաև շահագրգռված է տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ:

«Մենք ակնհայտորեն ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման՝ իհարկե ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որևէ կերպ չի կարող սահմանափակվել, մեր իրավազորության ներքո պետք է լինեն: Հեշտացումները, որ պատրաստ ենք անելու, որպեսզի խրախուսենք այդ տարանցումը, պետք է փոխադրվեն մյուս հարևան երկրների կողմից ևս»,-նշեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում