Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորն անրադարձել է Ադրբեջանի սադրիչ քայլերին
Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ հարձակումներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն:
«Երբ այցելեցի Արցախ 2019 թվականին, ես ապշած էի հարևանի կողմից մշտապես սպառնալիքի տակ գտնվող տարածքի բնականոն կյանքով ապրելու փաստից: Ապշած էի իմ այցելած քաղաքների բնակիչների հանդուրժողականությունից ու տոկունությունից»,- իր ելույթում նշել է Ալեքսանդրը։
Ալեքսանդրը նաև մտահոգություն է հայտնել անցյալ տարի Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումների հետևանքով շարունակվող հումանիտար և քաղաքական ճգնաժամի կապակցությամբ։
«Այդ ժամանակից ի վեր ես լսել եմ իրենց տներից վռնդված 100 000 հայ խաղաղ բնակիչների, հարյուրավոր հայերի գերեվարված լինելու մասին հաղորդումներ: Բռնությունները պետք է դադարեցվեն, հրադադարը պետք է պահպանվի»,- ասել է Ալեքսանդրը: «Երբ պետությունները խոսում են պատերազմի մասին, միշտ տուժում են տեղում գտնվող մարդիկ՝ Արցախի ժողովուրդը»,- ավելացրել է նա։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է Ալեքսանդրի հրապարակային միջամտությունը։
«Հայերի դեմ 44-օրյա ահաբեկչություն սանձազերծելուց և զինադադարից մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Արցախը՝ ոտնձգություններ կատարելով Հայաստանի Հանրապետության որոշ հատվածների նկատմամբ»,- իր խոսքում նշել է Կայսերյանը։
«Հատկապես սա է պատճառը, որ մեր համայնքը շնորհակալություն է հայտնում և գնահատում պարոն Ջոն Ալեքսանդրի կողմից իրազեկումը Ավստրալիայի խորհրդարանում»,- ավելացրել է նա:
Նշվում է, որ օրերս Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Ջոել Ֆիցգիբոնը նույնպես հանդես է եկել Դաշնային խորհրդարանում՝ կոչ անելով Ավստրալիայի կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը խաղաղ և ժողովրդավարական Արցախի Հանրապետության դեմ։
Կարծիքներ