Միրզոյանը և Բայրամովը վաղը կհանդիպեն Շվեդիայում․ Եվրախորհրդարանում հայտարարել է Լյուկ Դիվինը
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում։ Այդ մասին այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը:
Նա նաև հիշեցրել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները հրավիրված են դեկտեմբերի 15-ին՝ մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ նշելով, որ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումներ կունենա երկու երկրների ղեկավարների հետ։ Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
«Մենք մի կողմից քաջալերում ենք կողմերին՝ ականազերծման քարտեզները տրամադրել, մյուս կողմից՝ ազատ արձակել բոլոր գերիներին և կալանավորվածներին, ինչն անհրաժեշտ է վստահությունն ամրապնդելու համար։ Բայց երկու կողմն էլ չեն համաձայնում։ Հայկական կողմն ասում է, թե արդեն տրամադրել է քարտեզները, Ադրբեջանն էլ հայտարարում է, որ այդ պահանջը համարժեք չէ, քանի որ ձերբակալվածները ռազմագերիներ չեն։ Այնպես որ, կրկին, դժվար է։
Մենք պատրաստ ենք ավելին անել նաև տնտեսական առողջացման համար, բայց դրա համար պետք է խաղաղություն լինի։ Մասնավոր հատվածից ո՞վ ներդրում կանի տարածաշրջանում, որտեղ չգիտես՝ երբ է հաջորդ բախումը կամ պայթյունը լինելու»,- ասել է Դիվինը։
Հիշեցնենք, որ ԱԳՆ լրատվական վարչությունից տեղեկացրել էին, որ դեկտեմբերի 1-3-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա, Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։
Կարծիքներ