Ելիսեյան պալատում տեղի կունենա Մակրոնի երդմնակալության արարողությունը

Ելիսեյան պալատում տեղի կունենա Մակրոնի երդմնակալության արարողությունը

Ելիսեյան պալատում մայիսի 7-ին, Ֆրանսիայի ժամանակով՝ 11:00-ին, տեղի կունենա նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երդմնակալության արարողությունը տեղի կունենա 450 հյուրի ներկայությամբ, որոնց շարքում են նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլյա Սարկոզին:

Արարողության մեկնարկին Սահմանադրական խորհրդի նախագահը կհայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի՝ ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը ստացել է ձայների 58.55 տոկոսը, իսկ նրա հակառակորդ Մարին Լե Պենը՝ 41.45 տոկոսը: Դրանից հետո Պատվո լեգեոնի շքանշանի մեծ կանցլերը Մակրոնին կհանձնի պետական բարձրագույն իշխանության խորհրդանիշի՝ շքանշանի գրոսմայստերի շղթան, ինչից հետո Ֆրանսիայի նախագահը հյուրերի առաջ հանդես կգա ելույթով:

Արարողության եզրափակիչ հատվածում Ելիսեյան պալատում գերագույն հրամանատարին ռազմական պատիվ կտրվի, այգում կհնչի հիմնը և հրետանային ողջույնի 21 համազարկ, որի ավարտին երկրի ղեկավարը կնայի պատվո պահակախմբի շքերթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում