Քենեդի Կրտսերը փաստաթղթեր է ներկայացրել 2024 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդի, իրավաբան և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտ է ներկայացրել պետության ղեկավարի 2024 թ.-ի ընտրություններում իր թեկնածության առաջադրման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում Է CNN-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ 69-ամյա Քենեդի Կրտսերը մտադիր է իր թեկնածության առաջադրման հավակնել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից։ Քաղաքական գործիչը սենատոր, գլխավոր դատախազ և 1968 թ.-ին սպանված նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդիի որդին է և ԱՄՆ նախկին նախագահ, 1963 թ.-ին սպանված Ջոն Քենեդիի (1917-1963) եղբորորդին։
Ինչպես նշում է CNN-ը, Քենեդի Կրտսերը հետևողականորեն հանդես Է գալիս պատվաստումների դեմ։ Նա նաև բնապահպան ակտիվիստ է։ Քենեդի Կրտսերը դարձել Է Դեմոկրատական կուսակցությունից երկրորդ թեկնածուն, որը հաստատել Է 2024 թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը։
Այս տարվա մարտին իր թեկնածության առաջադրման մասին Է հայտնել գրող Մարիան Ուիլյամսոնը, որը 2020 թ.-ի ընտրություններում ձգտում էր առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից: Միացյալ Նահանգների գործող ղեկավար Ջո Բայդենը հայտնել է, որ վերընտրվելու հույս ունի։ Դրա հետ մեկտեղ նա առայժմ չի հայտարարել նոր ընտրարշավ սկսելու մասին:-
Կարծիքներ