Իրանը բանտարկյալների փոխանակման շրջանակներում ազատ է արձակել բելգիացի Օլիվիե Վանդեկաստելին
Իրանն ազատ է արձակել հումանիտար ոլորտում աշխատող բելգիացի Օլիվիե Վանդեկաստելին գրեթե 15 ամիս կալանքից հետո: Իրանի և Բելգիայի միջև տեղի է ունեցել բանտարկյալների փոխանակում, որին նպաստել է Օմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France24 պարբերականին:
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն ասել է, որ Վանդեկաստելը ժամանել է Օման և հավելել. «Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա նա մեզ հետ կլինի այսօր երեկոյան»։ Բելգիայի վարչապետի խոսքով՝ Օլիվիեն Թեհրանի բանտում է անցկացրել 455 օր։
Օմանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ նպաստել է «փոխանակման գործարքի» կնքմանը՝ հավելելով, որ Բելգիայում պահվող մեկ իրանցի էլ մեկնել է Թեհրան:
Կառավարություններից ոչ մեկը չի բացահայտել ազատ արձակված իրանցու ինքնությունը, սակայն Թեհրանը պահանջում էր ազատ արձակել դիվանագետ Ասադոլլահ Ասադիին, որը Բելգիայում բանտարկված է 2018 թվականին Փարիզի մոտ իրանական ընդդիմության ցույցի ժամանակ ռմբակոծություն իրականացնելու փորձի համար:
Բելգիան միշտ պնդել է, որ Վանդեկաստելն անմեղ է, իսկ նրա դատավարությունը՝ կեղծված: Անցյալ տարվա հունվարին Օլիվիե Վանդեկաստելը լրտեսության համար դատապարտվել էր 40 տարվա ազատազրկման և մտրակի 74 հարվածի:
Կարծիքներ