Ջեքի Սփիերը պետդեպից պահանջում է ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու պատճառները

Ջեքի Սփիերը պետդեպից պահանջում է ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու պատճառները

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը լրացում է ներկայացրել 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտին ներկայացնել զեկույց, որում փաստաթղթավորված են Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

Սփիերը նաև պահանջել է, որպեսզի ներկայացվելիք զեկույցում տեղեկություն լինի այն մասին, թե արդյոք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի վնասել խաղաղության գործընթացին Արցախում:

Վերոնշյալ 992-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ֆրանկ Փալոնը ու Ադամ Շիֆը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից հայտնել են, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում քննարկման ժամանակ ավելացնելու 992-րդ լրացման աջակիցների թիվը:

Հանձնաժողովում Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քվեարկության կդրվեն արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականին կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին:

Ուշագրավ է, որ Բայդենը դեռևս նախագահի թեկնածու լինելու ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ «դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքը Ադրբեջան»: Սակայն արդեն որպես նախագահ՝ 2021 թվականին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունի և բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում