ՀՀ կառավարությունն օժանդակում է ԱԹՍ-ների արտադրությանը. ներդրումային ծրագիրը գնահատվում է 4,25 մլրդ դրամ
Կառավարության որոշմամբ «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» ՍՊԸ-ն ներառվեց «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում: Ըստ որոշման հիմնավորման, ընկերությունը զբաղվելու է մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ և արտահանմամբ:
Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:
««Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 4,25 մլրդ դրամ:
Ծրագրի ընթացքում կստեղծվի 85 և ավելի նոր աշխատատեղ` շուրջ 450 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 550 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:
Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250քմ գրասենյակային տարածք «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000քմ մակերեսի հինգերորդ տարում»,- ասված է հիմնավորման մեջ:
Կարծիքներ