Զախարովան՝ հայ-թուրքական կարգավորման շուրջ Թուրքիայում Լավրովի մասնակցությամբ քննարկումների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու ուղղությամբ։
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը, խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ այդ ուղղությամբ համապատասխան ջանքեր են գործադրում:
«Այդ հարցի շուրջ մեր հայ և ադրբեջանցի գործընկերները մանրամասն առաջարկներ են ստացել: Տեղում խաղաղապահները լուծում են ղարաբաղցիներին սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարելու հարցերը: Ամեն օր ներկրվում է տասնյակ տոննա մարդասիրական բեռ, և մենք սպասում ենք իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման՝ հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով՝ բարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների հիման վրա», - ասել է Զախարովան:
Դիվանագետը նաև անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիա այցին, որի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանային կապերի վերականգնման հարցը: Նա հրաժարվել է մանրամասներ բացահայտել, քանի որ գործընթացը դեռ ավարտված չէ: Սակայն Զախարովան վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը:
«Մենք աջակցում ենք Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերականգնմանը: Այն, ինչպես հիշում եք, մեկնարկել է մեր անմիջական միջնորդությամբ 2022 թ.-ի հունվարին… Վստահ ենք, որ նման, կարելի է ասել, «ջերմացումը» կնպաստի Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, նկատելի ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման հարցում», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է հետագայում էլ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այդ հարցում:
Կարծիքներ