Միջանցքի թեզերը առաջ քաշողները փորձում են իրենց հակապետական ծրագրերը ներկայացնել որպես փրկություն. Սուքիասյան

Միջանցքի թեզերը առաջ քաշողները փորձում են իրենց հակապետական ծրագրերը ներկայացնել որպես փրկություն. Սուքիասյան

«Օգնու՞մ են ԵՄ դիտորդները, թե՞ չեն օգնում, ես պնդում եմ, որ եթե ԵՄ դիտորդները Հայաստանում չլինեին, Ադրբեջանը վաղուց որևէ հիմք չէր ունենալու չհարձակվելու»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից հնչող պնդումներին, թե միջանցքի խոստում է եղել, Սուքիասյանն արձագանքել է, թե Հայաստանից ուզում են մի բան, որը չի խոստացվել:

«Հայաստանում էլ կա ինչ-որ հատված, որ էդ թեզերն է կրկնում, պետությանը կանգնացրել եք անկյուն, 40 հոգով ասում եք՝ բան տուր, բայց չկա էդ բանը»,- նշել է Սուքիասյանը:

Հաղորդավարի դիտարկմանը, թե ՌԴ-ն ու Ադրբեջանը միասին պնդում են՝ նման խոստում կա, Հայաստանն ասում է՝ չկա, բայց Հայաստանի պատկերացումները կարող են շուռ գալ իր դեմ, Սուքիասյանը պատասխանել է.

«Դրանք Հայաստանի պատկերացումները չեն, դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է և եթե լինում է իրենց ասածով, Հայաստանի Հանրապետություն չի լինում: Եթե Հայաստանում կա դատարան ու արդարադատություն, իրենք հիմա պետք է կանգնած լինեին արդարադատության առաջ՝ պատասխանելու, թե էդ ինչ մտացածին անվտանգության համար կամ ինչ մտացածին պատերազմ չլինելու համար են Հայաստանից պահանջում, որ ՀՀ-ն Սահմանադրություն խախտի և իր տարածքից տա»:

Գործիչը հավելել է, որ եթե միջանցքի պնդումների մասին թեզերը ճիշտ են, դա նշանակում է Հայաստանի չգոյություն:

«Հայաստանը կդառնա ատամները քաշած պետություն»,- ավելացրել է Սուքիասյանը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ պայմանագիրը Ադրբեջանն ու Ռուսաստանը մեկնաբանում են իրենց ուզած ձևով:

«Ես էլ ասում եմ հակառակը՝ պայմանագրի մեջ կա կետ, որ Ադրբեջանը Հայաստանին պետք է միջանցք տա: ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ պետություն է, բայց ԵԱՏՄ-ի հետ ուղիղ ցամաքային միջանցք չունի, դե թող տա հիմա: Եվ ես առաջարկում եմ, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գործընկերները, եթե մենք դաշնակից ենք, միջնորդեն, որ 9-րդ կետով Ադրբեջանը մեզ այդ միջանցքը տա»,- նշել է Սուքիասյանը՝ հավելելով, որ միջանցքի թեզերը առաջ քաշողները փորձում են իրենց հակապետական ծրագրերը ներկայացնել որպես փրկություն:

Այս տեսակետը, գործչի խոսքով, կա 100 տարուց ավելի՝ «հանձնվիր, որ փրկվես, տուր, որ փրկվես, համաձայնիր, որ փրկվես»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում