Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման հարցին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին Արման Եղոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել: Քննարկվել է ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին» նախագիծը, որը ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Կոնվենցիայի նպատակը ԵԽ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի կողմից ներկայացված հարցման հիման վրա, առանց որևէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումն է:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2020թ. հունիսի 20-ին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2020թ. դեկտեմբերի 1-ից, այն ստորագրել է 20 պետություն, ուժի մեջ է մտել 11 պետություններում:
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքերով` կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները Հայաստանն արդեն իրականացրել է իր օրենսդրությամբ և պրակտիկայով: Կոնվենցիան վերաբերում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիությանը և համադրելի է Հայաստանի կողմից հրապարակայնության և տեղեկատվության ազատության ապահովման հարցում ընտրած ուղղությանը:
Կոնվենցիան նախատեսում է դիմողի` հայցվող փաստաթղթի բնօրինակին ծանոթանալու իրավունք: 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը համալրվել է տեղեկություններ ստանալու իրավունքն ամրագրող 51-րդ հոդվածով, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Կոնվենցիան նախատեսում է, որ պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար դիմումատուն իրավունք ունի չներկայացնել հիմնավորումներ:
Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Քննարկվել են նաև այլ հարցեր:
Նիստին ներկա Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հանձնաժողովին առաջարկել է հանդես գալ նախաձեռնությամբ` մասնավորապես նշելով.
«Կցանկանայի առաջարկել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովին` պատրաստել և Ազգային ժողովին առաջարկել բանաձև-առաջարկ-կոչ-պահանջ` ուղղված Եվրախորհրդարանին, որպեսզի որևէ քաղաքական, դիվանագիտական, առավել ևս տնտեսական պայմանագիր Ադրբեջանի հետ չկնքվի` մինչև ազատ չարձակվեն հայ ռազմագերիները, մինչև գործուն և ակնհայտ կերպով չհարգվի, չպաշտպանվի, չերաշխավորվի ինչպես արցախահայության ազգային ինքնորոշման, այնպես էլ մարդու իրավունքների ամբողջ համալիրը: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում շատ տեղին կլինի, եթե հանձնաժողովը ներկայացնի այդ պահանջը կամ կոչը Ազգային ժողովին, որպեսզի դա ներկայացվի Եվրախորհրդարանին»:
Կարծիքներ