28-ամյա երևանցին Գյումրու տարբեր փողոցներում թմրանյութով լցված հարյուրից ավելի փաթեթ է տեղադրել
Հունվարի 20-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով Գյումրիի Թեհլերյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի 28-ամյա մի բնակչի, իսկ նրա վարած «Ֆորդ» մակնիշի մեքենան՝ տարել բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մուգ շագանակագույն զանգվածով պոլիէթիլենային 2 տոպրակ, յուրաքանչյուրում՝ 10 փաթեթ:
Ձերբակալվածի հայտնածով՝ այն հաշիշ տեսակի թմրանյութ է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկով և պետք է տեղադրեր Գյումրիի տարբեր թաղամասերում:
Նա հայտնել է նաև, որ ձերբալակման օրը մարիխուանայով լցված 5 փաթեթ տեղադրել է Գյումրիի Թեհլերյան փողոցում:
Նույն օրը Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Թեհլերյան փողոցի տարբեր վայրերում ձերբակալվածը ցույց է տվել տեղադրած 5 փաթեթը։
Բացի այդ, Լալայան փողոցում ցույց է տվել այն վայրը, որտեղից պետք է վերցներ մարիխուանայով 20 փաթեթ, Հացիկ գյուղի ճանապարհից՝ 30 փաթեթ, որոնք պետք է տեղադրեր տարբեր վայրերում:
Քրեական վարույթի շրջանակներում խուզարկվել է նաև երիտասարդի ավտոմեքենան. սրահից հայտնաբերվել է 56 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ