Վաշինգտոնը փորձում է կանխել Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության պահպանվող ռիսկը. Մարկո Ռուբիո

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել»,- ասել է նա։
Մարկո Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնը ոչ միայն փորձում է կանխել հնարավոր հակամարտությունն, այլև զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:
«Իրականությունն այն է, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այնպիսի երկրների հետ, որոնք շատ դեպքերում իդեալական մոդել չունեն, բայց մենք պետք է նրանց հետ գործ ունենանք մեր ազգային շահերի համար, և մենք պետք է կարողանանք հավասարակշռել այդ ամենը՝ մեր ազգային շահերն ու դիվանագիտությունը»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
Կարծիքներ