Իվանիշվիլին Forbes-ում կորցրել է դիրքերը

Իվանիշվիլին Forbes-ում կորցրել է դիրքերը

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին զիջել է դիրքերը հեղինակավոր «Forbes» ամսագրի  աշխարհի ամենահարուստ դեմքերի վարկանիշային աղյուսակում` կորցնելով միանգամից 240 միավոր: Հաղորդում է aliq.ge-ն:

Նոր վարկանիշով` Իվանիշվիլին 589-րդ տեղում է, նախորդ տարի զբաղեցնում էր 349-րդ հորիզոնականը:

Ամսագիրն օգտվել է տվյալներից, ըստ որոնց` միլիարդատերի կարողությունը տարվա ընթացքում անփոփոխ է` 4,8 լիլիարդ դոլար: Չի նշվում` արդյոք իրավիճակ է փոխվել այն բանից հետո, երբ Վրաստանի ամենահարուստ մարդը հայտնեց, որ հեռանում է քաղաքականությունից ու կարողության մեծ մասը նվիրաբերում է բարեգործական հիմնադրամի:

Առաջին անգամ վրաց միլիարդատերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել է 2006-ին` 3,9 մլրդ. դոլար ունեցվածքով (173-րդ տեղ): Առավելագույն ցուցանիշը եղել է 143-րդ դիրքը` 2008-ին, երբ նրա կարուղությունը գնահատվում էր 6,4 միլարդ:     .

«Forbes»-ի առաջատարների եռյակում «Amazon» առցանց վաճառքի ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է` իր 177 միլիարդ դոլարով: Երկրորդը «Tesla»-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկն է` 151 միլիարդով, իսկ 75 շքեղ ապրանքանիշերի, այդ թվում ՝ «Louis Vuitton»-ի և «Sephora-ի համաշխարհային բիզնեսի կայսրության ղեկավար Բեռնար Առնոն, 150 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը:

Բիձինա Իվանիշվիլին կարողություն է ստեղծել Ռուսաստանում` 90-ականներին, հետո տեղափոխվել է  Վրաստան, երկար ժամանակ բարեգործությամբ զբաղվել:  2011-ին որոշել է  քաղաքականություն մտնել, հիմնադրել է  այսօրվա իշխող կուսակցությունը: 2012-ի ընտրություններից մեկ տարի անց Իվանիշվիլին հեռացավ քաղաքականությունից, 2018-ին նորից վերադարձավ, 2021-ին կրկին հեռացավ` նշելով՝ այս անգամ ընդմիշտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում