Ինչպիսի հարաբերություններ ունի Նազելի Բաղդասարյանը ընդդիմադիր համայնքապետերի հետ. մարզպետն ամփոփեց աշխատանքային 100 օրը
Աշխատանքային 100 օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ամփոփեց Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ բնակավայրում: Մարզպետի խոսքով՝ օրը պատասխանատու է, հանդիպման վայրի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Ձեռագիրը Կառավարությանն է՝ ապահովել ապակենտրոնացում մարզկենտրոնից դեպի համայնքներ՝ Երևանից մարզեր ապակենտրոնացման օրինակով:
Առաջիկայում հանդիպումներ կկայանան մարզի այլ համայնքներում ևս՝ այդ բնակավայրերին շունչ ու կենդանություն հաղորդելու նպատակով:
Ինչպիսին են եղել անցած 100 աշխատանքային օրերը Շիրակի մարզպետի համար: Խոստովանում է՝ բարդ ընթացք է ունեցել:
«Ինձ համար խնդիր էր, թե օրենսդիր մարմից գործադիր անցումն արդյո՞ք կկարողանամ սահուն իրականացնել: Ինձ մշտապես պատկերացրել եմ օրենսդիր դաշտում: Բայց, կարծում եմ, որ այս 100 օրերի ընթացքում որոշակի ձեռագրային սկզբունքներ և աշխատելաոճ կարողացել եմ ցուցաբերել նաև այս ոլորտում»,- անկեղծացավ մարզպետը:
Անցած ամիսները, ըստ Բաղդասարյանի, բարդ են եղել՝ նաև պայմանավորված ընտրական գործընթացով և հետընտրական զարգացումներով:
Ինչպիսին են հարաբերություններն ընդդիմադիր համայնքա պետերի հետ: Հարցին Բաղդասարյանը պատասխանեց՝ ի նպաստ և ի շահ մարզի:
«Որովհետև համայնքապետը կարող է լինել ընդդիմադիր, համայնքը՝ ոչ: Ես այժմ զբաղեցնում եմ վարչական, ոչ թե քաղաքական պաշտոն, ունեմ հստակ մոտեցումներ՝ անկախ քաղաքական հայացքներից: Ուստի ես բոլորի մարզպետն եմ»,- ընդգծեց Նազելի Բաղդասարյանը:
Լավ են նաև հարաբերությունները լրատվամիջոցների հետ: Մարզպետը շեշտեց՝ բոլորը կհամաձայնեն, որ ամենաօբյեկտիվ, անաչառ և սկզբունքային լրագրողները Շիրակի մարզերում են: «Տարբեր խնդիրների բարձրաձայնումից զատ համատեղ պետք է կարողանանք միասին մեր մարզի առավելությունները շեշտադրել: Եվ ես այստեղ լիահույս եմ և ձեր օգնության ու աջակցության կարիքն ունեմ»,- լրագրողներին դիմեց Շիրակի մարզպետը:
Սամսոն Մատինյան
Ամբողջ հոդվածը ՝ https://www.armtimes.com/hy/article/231609
Կարծիքներ