ՀՑԹԻ-ում կայացել է «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» գիտաժողովը

ՀՑԹԻ-ում կայացել է «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» գիտաժողովը

Երևանում և Արտաշատում մարտի 14-18-ը անցկացվող՝ Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման` նրա զինակիցներին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակներում մարտի 15-ին և 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» խորագրով միջազգային գիտաժողովը:

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեծ սիրով է միացել «Մանուշյանական շաբաթ»-ին և ուրախ է միջոցառման մասնակիցներին ընդունելու ՀՑԹԻ-ում: Էդիտա Գզոյանն ապա հավելել է, որ գիտաժողովի խորագիրն ինքնին շատ խոսուն է. այն մարդիկ, ովքեր տեսել և անցել էին մարդկության դեմ իրականացրած 20-րդ դարի առաջին  հանցագործության միջով, որը ծնունդն էր երիտթուրքական ազգայնականության, իրենց գործուն մասնակցությունն ունեցան 20-րդ դարի մյուս չարիքի՝ նացիզմի դեմ պայքարում: Ներկաներին ողջունել է նաև գիտաժողովի համակազմակերպիչ, «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության հիմնադիր Սաթէ Խաչատրյանը:

Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ելույթ են ունեցել 12 հետազոտող Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից:

Գիտաժողովի մասնակիցներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, իսկ երկրորդ օրը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

«Մանուշյանական շաբաթ» միջոցառման նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական ու հայկական պատմամշակութային երկխոսությունը։

«Մանուշյանական շաբաթ» միջոցառումն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանը և Լիոնի քաղաքապետարանը, «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միությունն ու «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում