Անտաղանդ ընդդիմությունն անկանոն շարժումներ է անում. ՔՊ խմբակցության պատգամավորները՝ Սիմոնյանին պաշտոնանկ անելու մասին

Անտաղանդ ընդդիմությունն անկանոն շարժումներ է անում. ՔՊ խմբակցության պատգամավորները՝ Սիմոնյանին պաշտոնանկ անելու մասին

Օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ տարածվեց, որտեղ վերջինս մասնավոր զրույցի ժամանակ խոսել էր գերիների մասին, ինչը լայն քննարկումների առիթ դարձավ:

Այնուհետև Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ տեսանյութը մոնտաժված է, ինչին էլ հաջորդել էր դրա ամբողջական տարբերակի հանրայնացումը:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագիծ են ներկայացրել՝ պահանջով Ալեն Սիմոնյանի հրաժարականը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների այս պահանջին, ընդգծեց՝ հարցը կեղծ օրակարգ է: «Ո՛չ մարդկանց կյանքի հետ կապ ունի, ո՛չ Հայաստանի իրական խնդիրների, ո՛չ ռեալ հնարավորություն կա նման օրակարգն իրական դարձնելու: Անտաղանդ ընդդիմությունը հերթական անկանոն շարժումներն է անում»,- վստահ է Լենա Նազարյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Անուշ Բեղլոյանի կարծիքով էլ՝ այս քայլով ընդդիմությունը ոչ թե մտածում է երկրի ու դրա շահերի մասին, այլ պայքարում իշխանության գալու համար:

«Ընդդիմությունը փորձում է հասարակությանը շեղել պետության առջև ծառացած խնդիրներից: Իրենց կարծիքով՝ խորհրդարանը ֆեյսբուքյան էջ է, որտեղ կարող են ցանկացած գրառում անել: Քանի որ քաղաքացիներն այլևս նրանց էջերը չեն նայում, որոշել են այնտեղի օրակարգը բերել խորհրդարան»,- ասում է Բեղլոյանը:

Պատգամավորն ընդգծում է՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն է իր թիմակիցներին ոգեշնչել այս որոշումն ընդունելիս:

Դիտարկմանը, որ ընդդիմության խոսքով իրենց այդ քայլին դրդել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տարածված տեսանյութը և այնտեղ ԱԺ նախագահի՝ գերիների վերաբերյալ արված հայտարարությունները, Անուշ Բեղլոյանը նկատում է. «Ալեն Սիմոնյանի սպառիչ բացատրություններից հետո այս իրադարձությունը կրկին շահարկելն էժանագին դիվիդենտներ շահելուն ուղղված քայլ է: Մենք ականատես ենք լինում արդեն, որ այսպիսի փորձերը ձախողվում են»:

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ ասում է՝ ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են այս քայլով հեռացնել «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային դեմքերից մեկին: «Այն քաղաքական ուժերը, որոնք պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը, շատ ակտիվ սնվում են դրսից»,- նկատում է Բաքոյանը:

Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունն իսկապես սրտացավ լիներ գերիների հարցով, ապա իրենց գործելաոճն այսպիսին չէր լինի. «Տեսանյութի կոնտեքստից կտրված հատված չէին թողարկի իրենց մեդիաներով, եթե իսկապես մտածում են գերիների վերադարձի մասին: Ես ընդդիմության այս օրակարգը լուրջ չեմ ընդունում: Նրանց նպատակը մեկն է՝ հարվածել իշխանության դեմքերից մեկին, սակայն նման բան տեղի չունեցավ և չի կարող տեղի ունենալ»:

Պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ, անդրադառնալով ընդդիմության այս պահանջին, նշում է՝ տպավորություն է, որ ընդդիմության աթոռները զբաղեցրած խմբակցությունը որոշել է պաշտոններ զբաղեցնող անձանց հրաժարականը հերթով պահանջել՝ «բախտներս կբերի» սկզբունքով:

«Նրանց խորհուրդ կտամ փոխել իրենց գլխավոր սցենարիստին, քանի որ նման գործելաոճով կարող են մսխել մանդատի ողջ ժամկետը, և «հայրենիքի փրկության» համար ժամանակ չմնա»,- ասում է պատգամավորը։

Անյուտա Աթանեսյան

Հայկական ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում