Ոստիկանական համակարգ մտնելու տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի. կկարգավորվի հարցերի 3 խումբ

Կառավարությունը մայիսի 8-ի նիստում հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ սրանով կարգավորում են երեք խումբ հարցեր:
«Առաջինը և ամենակարևորն այն է, որ կադրային քաղաքականության սկզբունքների տրամաբանության մեջ մենք պարբերաբար փոփոխում ենք այն կարգավորումները, որոնք խոչընդոտում են կադրային քաղաքականության որդեգրված մոտեցմանը, այն է՝ ճկուն մեխանիզմների պայմաններում ներգրավել բարեվարք պրոֆեսիոնալ կադրերի և պարբերաբար նրանց անցկացնել կրթական տարբեր խողովակներով՝ զարգացնելով նրանց կարողություններն ու հմտությունները:
Այս պահին կարգը նախատեսում է, որ 18-35 տարեկան անձինք են, որ կարող են հավակնել մուտք գործելու ոստիկանական համակարգ: Վերին շեմի գոյությունը չունի այնպիսի հիմնավորումներ, որոնք թույլ կտան պահպանել այդ կառուցակարգը: Կարևորը անձի որակական հատկանիշներն են: Առաջարկում ենք վերին շեմը հանել օրենսդրական կարգավորումներից»,- նշել է նա:
ՆԳ նախարարի խոսքով՝ երկրորդ փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը:
Առաջարկվում է քրեական ոստիկանության օրինակով ունենալ բաց ընդունելություն, որտեղ թե՛ քաղաքական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողները մաս կկազմեն ընդունելության: Ըստ նախարարի՝ եթե ՆԳՆ կրթահամալիրում բարեհաջող ավարտեն կրթական պրոցեսը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված և կշարունակեն ծառայությունը:
«Այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 200 հազար դրամական բավարարում ստացող ծառայողին ունենալ շուրջ 500 հազար դրամական բավարարում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս փոփոխությունը կբարձրացնի ծառայության գրավչությունը:
Երրորդ փոփոխության համաձայն՝ ծառայության ընդունված աշխատակցին ոչ թե 6 ամիս անց թույլ կտրվի մասնակցել ատեստացիոն պրոցեսին՝ ավելացնելով դրամական բավարարումը, այլ 2 ամիս անց, որն էլ լրացուցիչ խթան կդառնա ոստիկանական համակարգ մուտք գործելու որոշման համար:
Կարծիքներ