Պուտինը հանձնարարել է խստացնել քաղաքացիական զենք պահելու և տալու պահանջները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քաղաքացիական զենք ունեցողների և զենք կրելու թույլտվություն տվող անձանց նկատմամբ պահանջները պետք է խստացվեն, հաղորդում է ТАСС գործակալությունը։
Կառավարության անդամների հետ հանդիպմանը նա համոզմունք է հայտնել, որ Քննչական կոմիտեն մանրակրկիտ ուսումնասիրում է Կազանում տեղի ունեցած ողբերգության բոլոր հանգամանքները, որտեղ դպրոցում հրաձգության հետևանքով մահացել է 9 մարդ, վիրավորվել՝ 23-ը:
«Այդ ամենով հանդերձ, ես կարծում եմ, որ նման հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ է լրջորեն խստացնել քաղաքացիական զենքի սեփականատերերի հանդեպ պահանջները և ուժեղացնել զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը: Այստեղ որոշումներն, անշուշտ, պետք է հիմնավորված լինեն և, բնականաբար, կոշտ», – ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքերով՝ «նույնքան ծանր և անձնական պետք է լինի նաև այն անձանց պատասխանատվությունը, որոնք զենքի թույլտվություն են տալիս, ինչպես նաև տրամադրում են դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը»:
«Այստեղ անհրաժեշտ է խիստ կարգուկանոն: Այնպիսի իրավիճակները, երբ, օրինակ, բժշկական տեղեկանքը պարզապես կարելի է գնել փողով, երբեմն նույնիսկ առանց զննության գնալու, պետք է լիովին բացառվեն»,- ասել է նախագահը:
Պուտինը «Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովին հանձնարարել է օպերատիվ կերպով ներկայացնել գրավոր առաջարկներ՝ քաղաքացիական զենք ձեռք բերելու պահանջները խստացնելու վերաբերյալ:
Զոլոտովը ներկայացրել է մի քանի նման առաջարկ։ Նա կողմ է արտահայտվել որսորդական կտրոն ստանալուց առաջ երիտասարդ մարտիկի դասընթացն ավարտելը պարտադիր դարձնելու առաջարկին։ Բացի դրանից, «Ռոսգվարդիայի» ղեկավարն առաջարկել է զենքի թույլտվություն տալու համար վերադառնալ 21 տարեկան նվազագույն տարիքային շեմին։
Կարծիքներ