Եվրոպացիները դարձել են ԱՄՆ գործընկերները ՀՀԳԾ պայմանների խախտման մեջ. Իրանի ԱԳՆ
Եվրոպական երկրները, որպես իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) անդամներ, ոչ միայն չեն կատարել իրենց պարտավորությունները, այլեւ դարձել են ԱՄՆ գործընկերները համաձայնագրի պայմանների խախտման մեջ: Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Եվրաեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա եւ Մեծ Բրիտանիա) համատեղ հայտարարությունը, որում Իրանին կոչ են արել անհապաղ դադարեցնել մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացումը, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
«Եվրոպական եռյակը ամենքից լավ գիտի, որ Իրանի քայլերն իրականացվում են ՀՀԳԾ շրջանակում եւ համաձայնագրին համապատասխան, եւ որ երկրի գործողություններն ուղղված են համաձայնագրի պահպանմանը»,- ասել է նա լրագրողներին:
Նա շեշտել է, որ եվրոպական երեք երկրները լավագույնս տեղեկացված են, որ տեղի ունեցողը հիվանդության նշան է. «Այդ հիվանդությունն է Միացյալ Նահանգների եւ եվրոպական երեք երկրների կողմից ՀՀԳԾ պայմանների բազմակի ու լիակատար խախտումը: ՀՀԳԾ-ով Իրանի միջոցառումները շրջելի են: Եվ եթե նրանք ցանկանում են հիվանդությունը բուժել, իրենց պարտավորությունները պետք է կատարեն»:
Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ն ու Եվրաեռյակը վերադառնան իրենց պարտավորությունների կատարմանը, Իրանը նույնպես կվերադառնա իր պարտավորություններիր կատարմանը:
Կարծիքներ