Չորս-հինգ դատավոր զբաղված է Քոչարյանի համար աշխատանք տանելով. Սեդա Սաֆարյան
2 մլրդ դրամ գրավի դիմաց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը տուժողների իրավահաճորդների փաստաբան Սեդա Սաֆարյանը խայտառակություն է համարում:
Նա իրեն չի ներում, որ բացարկ չի հայտնել: Փաստաբանի խոսքով՝ դատավորն այդ գործում անկողմնակալ չէ:
«Բոլորս գիտենք, որ Վերաքննիչ դատարանում որոշ դատավորներ բացառապես զբաղված են Քոչարյանի համար աշխատանքներ տանելով՝ գործերը ծռմռելով: Ծռմռելու մեջ նաև տեսնում եմ նրա դերը: Պատկերացրեք՝ զարմացած եմ ուղղակի, որ ամբողջ ժողովուրդը, երբ նայել է դատական նիստի ուղղիղ հեռարձակումը՝ տեսնելով դատավորի պահվածքը այսպես է բնորոշել. ոնց որ դատական նիստը Քոչարյանի երրորդ տղան վարեր: Դա նշանակում է, որ կողմնակի դիտորդի մեջ էլ կասկածի տակ է դրված եղել դատավորի անաչառ լինելու հանգամանքը: Այն հանրահայտ փաստերը, որոնք ապացուցման կարիք չունեն դատավորը դիտավորյալ դրանք ապացուցելուն ուղղված պահանջներ էր ներկայացնում պաշտպանական կողմին: Ցավալին այն է, որ այս պայմաններում մեղադրանքի կողմին՝ դատախազությանն առաջարկեցի բացարկ հայտնել: Բայց պահը բաց թողնվեց՝ ակնկալում էինք, որ նմանատիպ օգնություն դատավորը ցույց կտա Քոչարյանին և ցույց տվեց»,- FreeNews-ին ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ դատական ակտը հիմնավոր և պատճառաբանված չէր:
«Հենց առաջին ատյանի դատարանում Քոչարյանը հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկի աշխատողին իր հիվանդասենյակից դուրս է հանել, որովհետև վերջինս լսում էր իր ու բժշկի զրույցը: Այդ մարդը, որը կարողանում է ծառայություն կատարող մարդուն հարկադրել, որ իր աշխատանքը չկատարի և դուրս է հանում, այդ անձը չի կարող չազդել դատավարության ընթացքի վրա և չի կարող գործողություններ չձեռնարկել, որոնք կարող են այդ գործի ձախողման համար դեր ունենալ»,- նշեց նա:
Սեդա Սաֆարյանը չի կասկածում, որ Քոչարյանը կվճարի գրավի այդքան մեծ գումարը:
«Բայց Ռոբերտ Քոչարյանին ի՞նչ է եղել, որ այդ գումարը չվճարի: Հատորներում հրապարակման ենթակա նյութ կա: Այդ ունեցվածքը , որ նրա տղաներն ու աղջիկն ունեն... Այդ ունենցածքը նա երեխաների անունով է գրանցել: Բազմաթիվ մեծ կառույցների մեջ երեք երեխաները 30-40 տոկոսով համասեփականատեր են ու դրա կապակցությամբ բազմաթիվ փաստաթղթեր կան՝ 4 էջանոց ունեցվածքի ցուցակ կա: Աշխարհը գիտի, որ Քոչարյանները մեծ ունեցվածքի տեր են »,- նկատեց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների փաստաբանը:
Սեդա Սաֆարյանը նշեց, որ ՍԴ-ը պետք է վաղուց ցրած լինեին, Վերաքննիչ դատարանն էլ հետը, որպեսզի հասկանայինք, որ դատարանը բացառապես զբաղվելու է իր գործով:
«Երբ կան դատավորները, որոնք ամուր կանգնած են և թիկունք են երկրորդ նախագահին. բոլորս գիտենք այդ մարդկանց անունները: Երբ կա այդտեղ դատավոր, որ մի մարդու գործառույթային անձեռնխելիությունն է պաշտպանում, որը բանակը, զորքը, ոստիկանությունը, դիպուկահարին, զինված խմբերին հանեց ժողովրդի դեմ : Այդ տրամաբանության մեջ աշխատող դատավորից ի՞նչ պետք է սպասել: Այնտեղ այնպիսի դատավորներ կան, որոնք Քոչարյանի գործով բացառապես անելու են այն, ինչ արել են Նիկողոոյանը, Ազարյանը: Այո, կան 4-5 դատավորներ, որոնք համախմբված գործողություններ են անում»,- նշեց նա:
Տիկին Սաֆարյանը այսպես ամփոփեց խոսքը՝ մինչև դատական համակարգը չմաքրվի, հույս չպետք է ունենանք, որ դատական որևէ գործընթաց կարող է օրինականության դաշտում ընթանալ :
Կարծիքներ