Վարչապետը կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, չի բացառվում Էրդողանի հետ հանդիպումը

Վարչապետը կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, չի բացառվում Էրդողանի հետ հանդիպումը

Այս պահի դրությամբ Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հնարավոր հանդիպումը ո՛չ հաստատված է, ոչ էլ բացառված։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տված հարցազրույցի ընթացքում: «Ե՛վ մեր, և՛ թուրքական կողմը չենք բացառել իմ եւ Էրդողանի հանդիպումը։ Չբացառել նման հանդիպումը դեռեւս չի նշանակում, որ հանդիպումը կկայանա, բայց չի էլ նշանակում, որ չի կայանա։ Կախված է մի քանի հանգամանքներից։ Կա ԵՄ-ի կողմից կազմակերպված միջոցառում, որտեղ հրավիրված ենք և՛ Թուրքիան, և՛ մենք։ Ե՛վ մենք, և՛ իրենք պետք է որոշենք այդ գագաթաժողովին մասնակցելու վերաբերյալ կամ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ, եւ մասնակցելու դեպքում հանդիպումը կկայանա, թե՝ ոչ, այլ խնդիր է։ Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, պատրաստվում եմ մասնակցել գագաթաժողովին, իսկ հանդիպումն այս պահին կարող եմ ասել, որ բացառված չէ։ Բայց չեմ էլ կարող ասել, որ հաստատված է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ հնարավոր հանդիպման օրակարգում կլինեն սահմանների բացում, հարաբերությունների կարգավորման հարցերը։ Հարցին, թե կքննարկվի՞ Արցախի հարցը, Փաշինյանը պատասխանեց.

«Երբ որ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն։ Դա կախված է նաև մեր զրույցից։ Դա մեր առաջին հանդիպումն է լինելու, եւ հարցերը կախված են այն բանից, թե ինչպես կգնա հանդիպումը»:

Փաշինյանը նշեց, որ որեւէ ազդակ կամ պայմանավորվածություն չկա, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները դադարում են, բայց այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման վայր եւ ժամ պայմանավորված չէ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում